Վան Սողոմոնյանը քարորդ դարից ավելի (60-ականների սկզբից մինչև 90-ականների սկիզբը) հայկական խեցեգործության հանրորեն ընդունված այն առաջատարներից մեկն էր, որ ճանաչում բերեց ազգային մշակույթի այդ բնագավառին՝ նախկին Խորհրդային երկրի սահմաններից դուրս։ Այդուհանդերձ, նա միշտ նեղվում էր, երբ իրեն արհեստականորեն պարփակում էին սոսկ խեցեգործական արվեստի շրջանակում։ Հիրավի, արդյո՞ք այն, ինչ նա անում էր, միայն խեցեգործություն էր և ոչ քանդակագործություն։ Արդեն այն ժամանակ ակներև էր, որ Վանի արվեստը դուրս է գալիս նեղ մասնագիտական սահմաններից. փաստորեն նա ստեղծագործում էր քանդակագործության բնագավառում՝ հաճախ տարբեր գույներ ներառելով։ Տարիների հեռվից կարելի է ասել, որ դա «տարածական գեղանկարչության» նրա տարբերակն էր։
Սակայն 1992թ., երբ արվեստագետը հաստատվեց Գերմանիայում, ճակատագրի անիվը կատարեց մի բախտորոշ շրջադարձ. Վանի գեղանկարչական տաղանդը, որն, ըստ երևույթին, երկար տարիներ թաքնված էր նրա «ես»-ի խորքում, համարձակորեն դրսևորվեց։ Կավը և ջնարակը հետին պլան մղվեցին, և ստեղծագործական առաջնահերթություն դարձավ յուղաներկ գեղանկարչությունը, որն իր մարմնավորումը գտավ ոչ միայն կտավներում, ինչ ինքնին բնական էր ու սպասելի, այլ նաև զանազան արթօբյեկտներում։ Դա «տարածական գեղանկարչության» ևս մեկ հեղինակային տարբերակ էր։ Արվեստագետն ամբողջովին զգաց ինքնաարտահայտման ազատությունը և կարողացավ իրեն ենթարկել գույներն ու վրձինը, ինչպես մի ժամանակ շամոտն ու կավը։ Նա արդեն ոչ թե պարզապես նկարիչ էր, այլ հենց «Künstler», որը Գերմանիայում շատ ավելի ընդգրկուն ու լայն հասկացություն է և չի ճանաչում մասնագիտական կամ համքարային սահմանափակումներ։ Այլ կերպ ասած, այդ ժամանակվանից ի վեր նա զբաղվում է միայն այն բանով, ինչ տվյալ պահին ցանկանում է հոգին։ Իսկ Վանի հոգին ցանկանում և պահանջում է շատ բան, բայց միշտ էլ հատկապես այն, ինչ համահունչ է արդի իրողություններին, եթե նույնիսկ պատկերվածը ասպետական մրցություն է կամ սրբազան մոտիվ։ Վանն, իր խոսքերով, աշխատում է առանց որևէ գեղարվեստական համակարգի կամ նախապես մտածված երկարաշունչ ծրագրի։ «Ինձ համար կարևոր են պահի տրամադրությունը և, իհարկե, իրադարձությունները, երևույթները, փաստը, կարդացած գիրքը, դիտած ներկայացումը, ունկնդրած երաժշտությունը և այլ «գրգռիչներ». մի խոսքով՝ այն ամենը, ինչով ապրում եմ։ Ահա թե ինչու ես արվեստում չեմ ճանաչում ոչ մի դոգմա՝ էլ չասած սեփական զգացմունքներն ու մտքերը հետևողականորեն մշակելու մասին։ Դա ինձ համար չէ»։
Այս ամենից հասկանալի է դառնում, թե ինչու է Վան Սողոմոնյանի գեղանկարչությունն այդքան եռանդուն, զգացական ու ազդակային։ Նա աշխատում է առանց նախնական էսքիզների՝ «a la prima», ձգտելով արագորեն արձանագրել իր հաճախ անսպասելի ու հպանցիկ մտքերն ու տեսիլքները։ Նրա խոշոր կտավները կարծես ինչ-որ պատի կտորներ լինեն, ինչ-որ որմնանկարների դրվագներ։ Դրանք մոնումենտալ են, դրանցում չկան ցուցադրական մանրամասներ. ընկալվում են միանգամից ու արագ, ինչ, իհարկե, չի բացառում դրանց ուշադիր ուսումնասիրումը։ Ու երբ դիտողը զննում է Վանի նկարները, նա հեռանում է դեպի խորքը՝ որոնելով այլ իմաստ։
Որպես արվեստագետ՝ Վանը չի հետևում եվրոպական մոդային և նոր հոսանքներին, սակայն միևնույն ժամանակ նա չի ձգտում ամբողջ ուժով ընդգծել իր հայկականությունը։ Ազգային հատուկ, փորձարկված հայտանիշեր՝ ինչ-ինչ սիրված գույներ, խորհրդանիշեր ու նշաններ նրա գեղանկարչական կամ քանդակագործական աշխատանքներում չկան ու չեն եղել։ Սակայն դրանցում միշտ առկա է ինչ-որ անորսալի հայկական բան՝ ինչ-որ ծածկագրված մտածելակերպ կամ տրամադրություն։ Միակ բանը, որ միշտ նկատելի է՝ մարմնական ուժի և զգայականության համադրումն է։ Վանի գեղանկարչության մեջ վառ արտահայտված է նրա խոր ու շահագրգիռ մտահոգությունը արվեստի և ընդհանրապես մշակույթի ճակատագրի նկատմամբ։ Նրա գործերը, ինչպես՝ «Բաբելոնյան աշտարակի կործանումը», «Վենետիկ», «Բաբելոն. 21-րդ դար», «Զոհասեղան», «Տեսիլք», գեղանկարչական դրամաներ են, մանիֆեստներ՝ հանուն համամարդկային արժեքների փրկության։
Նրա լավագույն քանդակներից մեկը ներկայացնում է ինչ-որ մարդակերպ արարածի, որ հիշեցնում է մարդ-մեքենա՝ սրտի փոխարեն ատամնանիվ ու գլխի մեջ՝ խրված մեխեր։ Զգացողություն է առաջանում, թե դա ինչ-որ նոր մարդատեսակի ներկայացուցիչ է, որ երկրաբնակների համար անվտանգ չէ։ Գործն արթնացնում է տագնապալի մտքեր։ Ոչ անհիմն։
Վան Սողոմոնյանի արվեստը նկարիչ-փիլիսոփայի արվեստ է, որին հուզում են համամարդկային խնդիրները։ Արվեստագետն, իհարկե, չի տալիս դեղատոմսեր, նա չի հավակնում լուծել խնդրահարույց հարցերը։ Իսկ ո՞ր արվեստագետն է երբևէ դրանք լուծում։ Նա միայն դրանք արծարծում է, սակայն ոչ թէ խրատաբար, սեփական գերազանցության զգացումով, այլ գունեղ, խելացի և համարձակ կերպով։
Վան Սողոմոնյանի գեղարվեստական խոսքը լակոնիկ է ու կրքոտ, հնարավոր չէ այն չլսել ու չհասկանալ։ Դա արվեստագետի և քաղաքացու խոսք է։