Վան Սողոմոնյանի համար գեղանկարչությունը և խեցեգործությունը երբեք չեն եղել արվեստի տարանջատ բնագավառներ, որոնք գոյություն ունեն իրարից անկախ չափումներում։ Նրա խեցեգործությունը մշտապես աղերսված է եղել գեղանկարչությանը։ Իսկ արդեն վերջին տարիներին արվեստագետն իր ստեղծագործական հիմնական հետաքրքրությունն ուղղում է դեպի արվեստի այդ բնագավառը՝ առանց փոխելու իր կերպարային համակարգը։ Ավելին, նա հարստացնում է խեցեգործական արվեստը՝ օգտագործելով գեղանկարչության պատկերավորման հնարավորությունները։ Նրա գեղանկարչությունն ընդունակ է, ինչպես նրա խեցեգործական օբյեկտները, խոսելու ձևերի ու ծավալների լեզվով՝ երևան հանելով շրջապատող աշխարհի իրերի ու երևույթների քանդակագործական որակները։ Գեղանկարչության մեջ Վան Սողոմոնյանը ձեռք է բերում զգայունակության այն սրությունը, որ նրան երբեմն չի բավարարում քանդակագործական արվեստում. դա արվեստագետին թույլ է տալիս արտացոլել դրամաներով հղի ու անընդհատ իր վազքն արագացնող ժամանակակից աշխարհը, որսալ գոյության՝ նախնական քաոսից հառնող մշտախույս իմաստը։ Նրա գեղանկարչության մեջ առաջ են գալիս գեղագիտական նոր իրադրություններ, փոխվում են նրա զգացական ընկալման հնչերանգները։ Դրա շնորհիվ Վան Սողոմոնյանի գեղանկարչությունը դառնում է նրա Արթ-օբյեկտների արժանի զուգահեռը։ Արվեստի այդ երկու բնագավառներն էլ արտացոլում են արվեստագետի անհանգիստ ներաշխարհը, որը պահանջում է զգացմունքների և մտքերի հստակ ու խոր արտահայտություն։
Մարդկային կյանքն առավել խոր վերլուծության ենթարկելու ձգտումը Վան Սողոմոնյանի արվեստը դարձնում է ոչ միայն հետաքրքիր, այլև ուսանելի. նա պատկանում է այն ստեղծագործողների ճամբարին, որոնք փորձում են ամբողջովին ըմբռնել այսօրվա արվեստի էությունը, այսօրվա և վաղվա համադրությունը։
Վանի մոտ միշտ առկա է ինչ-որ անորսալի հայկական բան՝ ինչ-որ ծածկագրված մտածելակերպ կամ տրամադրություն։ Միշտ նկատելի է՝ մարմնական ուժի և զգայականության համադրումն է։ Վանի գեղանկարչության մեջ վառ արտահայտված է նրա խոր ու շահագրգիռ մտահոգությունը արվեստի և ընդհանրապես մշակույթի ճակատագրի նկատմամբ։
Նրա աշխատանքներում միշտ առկա են լայնարձակություն, հեռուներ, անսահմանություն, արևածագներ ու մայրամուտներ, անդունդներ, բռնկումներ, եռք, խճճված ստվերներ: Այդ ուժագծերը վկայում են մի հարատև պայքարի մաքրագործող գործընթացի մասին, որը ձգտում է ձերբազատվել մանրուքներից ու դետալներից այն ճանապարհին, որ տանում է դեպի պարզություն, ներդաշնակություն ու հանգստություն։
vansoghomonyan.am © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են։| Պատրաստված է PAP ART Gallery-ի կողմից։